Վրաստանում այս տարի անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանը: Մասնակից երկրների ցանկում նշված են նաեւ Ադրբեջանը, Թուրքիան:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ եւ դաշինքի գործընկեր 11 երկրներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Հայաստանը:

Noble Partner 2017 զորավարժություններն անցկացվելու են հուլիսի վերջին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային եւ բազմազգ գործընկերությունը, ինչպես նաեւ ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը:

Հաղորդագրությունում նշված է, որ մասնակից երկրների ներկայացուցիչները անցած շաբաթավերջին Վազիանիում անցկացված հանդիպմանը քննարկել են զորավարժությունների նախապատրաստման եւ պլանավորման հարցեր:

Noble Partner զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ: Առաջին անգամ՝ 2015-ին, դրան մասնակցել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի զինծառայողները, 2016-ին զորավարժություններին միացել էր նաեւ Մեծ Բրիտանիան, օգտագործվել էին ամերիկյան սպառազինություններ՝ տանկեր ու հետեւակային զրահամեքենաներ:

Մոսկվան քննադատել էր անցյալ տարվա զորավարժությունները: 2016-ի զորավարժությունների նախաշեմին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դրանք որակել էր Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք: