Եվրամիությունը, որ մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնության հաստատման գործին, ցանկանում է ծրագրվող Nabucco գազատարի ուղին Վրաստանի փոխարեն անցկացնել Հայաստանով։

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ սպասվում է նաեւ տարածաշրջանային էներգետիկ հավասարակշռությունների փոփոխություն։ Հայտնի է դարձել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորվող հարաբերությունները Հայաստանին կներգրավեն Nabucco-ի ծրագրին։ Եվրամիությունը ցանկանում է Վրաստանի փոխարեն տեսնել Հայաստանին, որպես տրանզիտ երկիր։

Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության անանուն աղբյուրների համաձայն՝ Թուրքիա-Հայաստան մերձեցումը կփոխի տարածաշրջանի էներգետիկ ծրագրերի ուղիները։

Ըստ Թուրքիայի Էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան ներկայացուցչի՝ Եվրամիությունը երկար ժամանակ ցանկանում էր, որ Nabucco-ի նախագծին Հայաստանը եւս մասնակցեր։ Հատկապես Ֆրանսիան ուժեղ ճնշում էր գործադրում Հայաստանին եւս նախագծում ընդգրկելու համար։ Եվրամիությունը չի ցանկանում Վրաստանի տարածքով Nabucco-ի գազատարն անկացնել, որպեսզի նոր ռիսկ չստեղծի։ Այդ պատճառով էներգետիկ նախագծերում Հայաստանը մի նոր այլընտրանք է դիտվում։ Կասպյան էներգակիրները Հայաստանի եւ Թուրքիայի միջով Եվրոպա կտեղափոխվեն։ Այդպես այլընտրանքային եւ ավելի անվտանգ երթուղի կլինի։

Նշվում է, որ Nabucco նախագծում Հայաստանի մասնակցությունը նախկինում եւս եղել է օրակարգում, սակայն Հայոց ցեղասպանության քննարկումների պատճառով չի դրվել քննարկման։ Բանն այն է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության Ֆրանսիայի կողմից ճանաչման պատճառով Ֆրանսիայի մասնակցությանը Nabucco-ի ծրագրում վետո է դրել, որից հետո Ֆրանսիայի փոխարեն ծրագրի մեջ է մտել Գերմանիան։

Ըստ պարբերականի՝ հայ-թուրքական հաշտությանն են սպասում հետեւյալ ծրագրերը.

Լոնդոնը Պեկինին կապող երկաթուղին։ 2007 թվականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հիմքի գցման ժամանակ հայտարարեց, որ այդ նախագիծը կայունության եւ խաղաղության համար է կառուցվելու եւ բոլորը կարող են մասնակցել։ Այդ պատճառով դրան Հայաստանն էլ կարող է մասնակցել։

Սեւ ծովն օղակող ճանապարհը։ Սեւ ծովին հարեւան երկրներից 7 հազար կիլոմետր երկարություն ունեցող նախագծին կմասնակցեն հետեւյալ երկրները՝ Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Սերբիա, Ալբանիա եւ Հունաստան։

Օդային հաղորդակցություն։ Սահմանները բացվելուց հետո կավելանան առեւտրական եւ մշակութային հարաբերությունները, որի հետեւանքով ներկայումս գործող Երեւան-Ստամբուլ չվերթի հաճախականությունը պետք է ավելացվի եւ նոր չվերթ եւս մտցվի՝ Անկարա-Երեւան։

Մյուս ծրագրերն են TRACECA եւ INOGATE-ը։