Այն տրանսպորտային միջոցները, որոնք չեն շահագործվում, սակայն հաշվառված են՝ պարտադիր պետք է ապահովագրվեն։ Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին ասուլիսում ասաց «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պարտադիր ավտոապահովագրումից խուսափելու համար նախ պետք է մեքենան դուրս բերել հաշվառումից։ Նախկինում այդ գործընթացը վարորդների վրա նստում էր 30 հազար դրամ (մոտ 80 դոլար), իսկ ներկայումս՝ 5 հազար դրամ (մոտ 14 դոլար)։ Սակայն Հովհաննիսյանն ասում է, որ նվազեցնելով տուրքը՝ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում վարորդներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու համար։




























