Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը՝ Ելենա Բատուրինան ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն, «Ինտեկոյի» սեփականտիրոջը տհաճ անակնկալ են մատուցել, երբ նա իջել է օդանավից եւ փորձել է մաքսային ստուգում անցնել:
Ձերբակալության փաստը հաստատել է նաեւ Լուժկովի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի, լույս 8-ի գիշերը, երբ Բատուրինան ժամանել է Լոնդոն՝ բանակցելու անգլիացի գործարարների հետ: Նախկին քաղաքապետի կինը մի ամբողջ գիշեր անցկացրել է ոստիկանատանը:
Ըստ գործակալության, ձերբակալման պատճառ կարող է լինել Ալեքսանդր Լեբեդեւի հայտարարությունը, թե Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետք է մանրազննին հակակոռուպցիոն հետաքննություն անցացնեն Լուժկովի եւ նրա կնոջ նկատմամբ: Լեբեդեւը Բատուրինային մեղադրել էր ֆինանսական մեքենայությունների մեջ:



























