Քննությունը չի բացառում, որ Պետերբուրգում պայթյունը կարող էր իրականացնել մահապարտը։ Պայթուցիկ սարքը կարող էր գործի դնել մահապարտը, քննիչները մշակում են բոլոր վարկածները, հայտնել է իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Life-ը, վկայակոչելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին, հայտնել է, որ գնացքի վագոնում պայթյունը տեղի է ունեցել երկու կայարանների միջեւ գտնվող հատվածում։ Պայթյունից հետո գնացքը մոտ 800 մետր գնացել է, որից հետո կանգ է առել «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում։

Աղբյուրի խոսքով երկու մարմին գտել են թունելում։ Քննիչները չեն բացառում, որ այդ մարմիններից մեկը մահապարտ ահաբեկչին է պատկանում։

Իրավապահ մարմիններում աղբյուրի տվյալներով, պայթյունի հզորությունը գնահատվում է տրոտիլային համարժեքով 150-200 գրամ։

Ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով երեք մարդու նկատմամբ հետախուզություն է հայտարարվել, ասել է աղբյուրը ։ Նրանցից մեկը 22-ամյա տղամարդ է, որը ենթադրաբար գնել է պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ մանրակները։