Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը մամուլի ասուլիս է անցկացրել, որտեղ պատմել է Երեւան կատարած այցի մասին, որի նպատակն էր Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում (oգոստոսի 11-13) Ադրբեջանի պատանեկան հավաքականի մասնակցության մասին բանակցություններ վարելը։
Խոսելով Հայաստան կատարելիք այցի մասին՝Ռահիմովը նշել է, որ Երեւանում ադրբեջանական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ օլիմպիական կոմիտեի փոխնախագահը եւ սպորտի փոխնախարարը։ «Եթե համեմատենք Բաքվի հետ, Հայաստանի մայրաքաղաքը կարծես անցած դարում է մնացել։ Ոչ մի նոր շինություն, մարզադաշտ եւ այլն։ Մեր՝ հայկական կողմի հետ ունեցած հանդիպման սկզբում ներկա էր եւ ձյուդոյի եվրոպական միության նախագահ, եվրոպական օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Սերգեյ Սոլովեյչիկը»,- ադրբեջանական գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերել Azerisport-ը։
Ռահիմովի խոսքերով, այցի պահին արդեն պատրաստ է եղել համաձայնագիրը նման նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնքել էին 2007թ-ին՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ։ «Բացի այդ, մենք ստացել ենք երաշխիքի նամակ, որտեղ արտացոլված են եղել Երեւան ժամանման պահից Ադրբեջանի պատվիրակության անվտանգության հարցերը։ Նրանում արտացոլված են նաեւ վիզաների անխոչընդոտ ստացումը, հավատարմագրված լրագրողների աշխատանքի համար տրամադրվող պայմանները, այլ մասնակից երկրների շարքում ադրբեջանական դրոշի առկայությունը, ադրբեջանական հիմնի հնչեցումը եւ մեր մարզիկների հաղթանակի դեպքում ադրբեջանական դրոշի բարձրացումը»,-նշել է Ռահիմովը։
Սպորտի նախարարը նշել է նաեւ, որ ադրբեջանական կողմին չի հաջողվել ավելացնել կետ, որի համաձայն կազմակերպիչները ադրբեջանցի ձյուդոյիստի հաղթանակի դեպքում կերաշխավորեին, որ հանդիսատեսը Ադրբեջանի հիմնը կլսի ոտքի կանգնած եւ առանց թշնամանքի արտահայտման։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ադրբեջանական պատվիրակության անվտանգությունը կապահովեն հայկական ծառայությունները, ինչպես 2007թ-ին Բաքվում, աշխարհի առաջնությանը այդ պարտականությունն իրենց վրա էին վերցրել ադրբեջանական ծառայությունները։ Բացի այդ, Ադրբեջանի պատվիրակությունը միեւնույն հյուրանոցում կապրի Թուրքիայի եւ Իսրայելի թիմերի հետ։ «Այս փաստը մեզ շատ է ուրախացնում։ Դուք բոլորդ էլ գիտեք, որ Իսրայելի հավաքականին ցանկացած մրցումների ժամանակ ուղեկցում է իրենց անվտանգության ծառայությունը, այնպես որ մեր հավաքականը ուժեղացված հսկողության տակ կլինի»,- նշել է նախարարը։




























