Սանահինի լոկոմոտիվային դեպոյի ձեվափոխումը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ստանձնած կոնցեսիոն պայմանագրի շրջանակում են։ Այս մասին նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը։ Ըստ նրա՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը օրերս հրաման է ստորագրել, որի համաձայն, Սանահինի վերափոխված դեպոյի 70 աշխատակիցներ տեղափոխվում են աշխատանքի Սանահինի ենթակառուցվածքի հիման վրա ստեղծված գծային հատուկ շարժական մեքենաների նորոգման ենթակառույց, իսկ 76 աշխատակիցներ տեղափոխվում են կրկին Սանահինի ենթակառուցվածքի հիման վրա ստեղծված շրջադարձային դեպո։
Դավթյանի խոսքով՝ ՀԿԵ-ն նպատակահարմար չի համարում Ֆիալետովո-Վանաձոր երկաթուղային 30 կմ-անոց հատվածում լոկոմոտիվային դեպոյի առկայությունը։
«Բազմաթիվ մասնագետներ, փորձագետներ են այցելել եւ ուսումնասիրել են Հայաստանի երկաթուղին։ Ամերիկացի մասնագետների համոզմամբ, օրինակ՝ Հայաստանի 850 կմ երկարությամբ երկաթուղու համար մեկ լոկոմոտիվային դեպոն բավարար է, սակայն ՀԿԵ-ն որոշում է ընդունել պահպանել երկու լոկոմոտիվային դեպոներ, դրանք են Երեւանի եւ Գյումրիի դեպոները»,- ասաց նա։
Դավթյանը վստահեցրեց, որ Սանահինում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու:
Տեղեկացնենք, որ մոտ 10 օր առաջ մամուլում Սանահինի դոպոյի փակման մասին հրապարակումներ եղան։ Հրապարակումների հաջորդ օրը ՀԿԵ ղեկավարությունը Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հետ միասին շրջայց են կատարել հայկական երկաթուղային ենթակառուցվածքի ուսումնասիրման նպատակով։ Շրջայցի ավարտին, ՀԿԵ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը լրագրողներին հավաստիացրել է, որ Սանահինում դեպոն ոչ թե փակվում է, այլ ենթակառուցվածքի հիման վրա նոր կառույցներ են ստեղծվում:





























