Դամասկոսը կարծում է, որ Իսրայելն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, եւ մտադիր է պատասխանել Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիայի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:

«Ներկայումս Իսրայելը փորձում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին, որոնք գտնվում են մեր տարածքում: Հենց Իսրայելը զգում է, որ ահաբեկչական խմբավորումները թուլանում են, անմիջապես միջամտում է՝ նրանց աջակցելու համար: Հետեւաբար՝ մենք կպատասխանենք Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիայի, ինչպես պատասխանեցինք վերջին անգամ՝ ոչնչացնելով օդանավերից մեկը եւ հարված հասցնելով երկրորդին: Մենք նույնը կանենք, եթե համանման փորձերը կրկնվեն»,- հայտարարել է դեսպանը:

Մարտի վերջին Իսրայելի ավիացիան ցամաքից գնդակոծվել էր, երբ Սիրիայի տարածքում հարձակում էր գործել թիրախների վրա: Այդ ժամանակ Սիրիայի բանակը հայտարարել էր, որ զենիթայիններին հաջողվել է խոցել հարձակմանը մասնակցած օդանավերից մեկը: Իսրայելցիներն, իրենց հերթին, ժխտել էին կորուստը եւ ասել, որ սիրիական հրթիռներից մեկը որսվել է ՀՀՊ համակարգի կողմից: Նրանք հարվածի թիրախ էին հայտարարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմում մարտնչող լիբանանյան «Հըզբալլահ» շարժման մարտիկների համար զենք տեղափոխող ավտոշարասյունը: