«Գեոպրոմայնինգ» ընկերության հայտարարությունը, թե Հայաստանի Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումներն իրավաչափ չեն, չեն հետաքրքրում ՎՊ-ին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում ՎՊ-ի կողմից իրականացված ստուգումները համապատասխանում են ՎՊ մասին օրենքին: Որպես իր խոսքերի ապացույց, Իշխան Զաքարյանը կարդաց Պետռեգիստրի կողմից տրված մի տեղեկանք, որում մասնավորապես ասվում է. ««Գեոպրոմայնինգ» ընկերության միակ մասնակիցը First dains mines Аrmenia Limited ընկերությունն է, որն ընկերությունում իր մասնաբաժինը գրավ է դրել «ՎՏԲ կապիտալ լիմիթեդ PLS»-ում: Պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է այս տարվա հուլիսի 22-ին, First dains mines Аrmenia Limited ընկերությանը տրամադրվել է 250 մլն դոլար: Փոխարենը ընկերությունը պարտավորվել է ամբողջությամբ գրավ դնել «Գեոպրոմայնինգ» ընկերությունում ունեցած իր մասնաբաժինը:
«Խոսքը նրա մասին է, որ տվյալ ընկերությունը 3 տարի անընդմեջ ցույց է տվել, որ աշխատում է վնասով՝ 15-17 մլրդ դրամի չափով: Այնինչ խոսքը ոսկու մասին է, որը վերջին շրջանում 20 դոլարից թանկացել է մինչեւ 40 դոլար: Մեր որոշումը վերջնական է, այն ուղարկվել է կառավարություն: Իսկ եթե «Գեոպրոմայնինգ» ընկերությունն առարկություններ ունի, նրանք դրանք պետք է լուծվեն համապատասխան ատյաններում»,- ասել է Իշխան Զաքարյանը:
Նշենք, որ «Գեոպրոմայնիգ» ընկերությունը ՎՊ-ի կողմից վեր հանված թերությունների կապակցությամբ հայտարարել է, որ այդ տվյալները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով: Ընկերությունը հայտարարել է նաեւ, որ մտադիր է դիմել դատարան եւ պահանջել, որ ՎՊ գործողությունները անիրավաչափ համարվեն:





























