Սիրիայում ավիաբազայի հրթիռակոծության հետեւանքով ռուս զինվորականների շրջանում զոհեր չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է ռուսաստանցի զինվորականների շրջանում զոհերին, ապա ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ: Դատելով ամեն ինչից՝ նման զոհեր չեն եղել»,-ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ ԱՄՆ կողմից Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծումը ագրեսիայի դրսեւորում է մտացածին պատրվակով: «Դա ագրեսիայի ակտ է, բացարձակապես մտացածին պատրվալով: Հիշեցնում է 2003 թվականի իրավիճակը, երբ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան իրենց որոշ դաշնակիցների հետ ներխուժեցին Իրաք», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ՝ Մոսկվան հույս է հայտնում, որ ԱՄՆ-ի կողմից սադրանքը չի հանգեցնի անշրջելի արդյունքների, հայտարարել է Լավրովը:
Ռուսաստանը ձգտելու է իմանալ ճշմարտությունը, թե ինչպես է կայացվել հրթիռային հարվածի որոշումը: «Չգիտեմ, երբ կիմանանք ամբողջ ճշմարտությունը: Բայց ճշմարտությունը պետք է պահանջել, եւ մենք դրանով կզբաղվենք», - ընդգծել է նախարարը:




























