Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 29-ից ապրիլի 1-ը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի շրջանակներում ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աշխատանքային խմբի նիստը:

Նիստին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում քննարկվել են նոր եւ արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրեր` ուղղված Մետաքսի ճանապարհի շրջանակներում կայուն զբոսաշրջության զարգացմանը, ներկայացվել են ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ ստեղծված Արեւմտյան Մետաքսի ճանապարհի զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները, Արեւմտյան Մետաքսի ճանապարհի` որպես կայուն զբոսաշրջային երթուղու զարգացման ռազմավարությունները, ինչպես նաեւ` Մետաքսի ճանապարհի գործունեությունը 2017թ.` կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարվա շրջանակներում: Ամփոփվել են նաեւ «ITB Berlin» ցուցահանդեսի շրջանակներում 2017թ. մարտի 8-ին կայացած Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 7-րդ հանդիպման արդյունքները:

Նիստի ընթացքում Մեխակ Ապրեսյանը հանդես է եկել ելույթով եւ առաջարկել ՄԱԿ ԶՀԿ եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ), նաեւ մի քանի անդամ պետությունների համագործակցությամբ, Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի մշակման եւ խթանման ծրագիր, ինչը մասնակիցների հավանությանն է արժանացել:

Մեխակ Ապրեսյանը մի շարք առանձին հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների հետ։

Մասնավորապես ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հետ քննարկվել է ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի նստաշրջանին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի օրակարգը, որը ներառում է նաեւ ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների թեկնածուների հաստատման եւ ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղարի ընտրության հարցերը:

Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ ԶՀԿ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու Մետաքսի ճանապարհի շրջանակներում Հայաստանում կազմակերպվող միջոցառումների, այդ թվում ավանդական փառատոնների վերաբերյալ տեղեկատվությունը։

“Tripadvisor” ճամփորդությունների վերաբերյալ համաշխարհային կայքի տնօրեն Հելենա Էգանի հետ քննարկվել են կայքում Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվությունն առավել ակտիվ տարածելու հնարավորությունները։

“Connecting travel” զբոսաշրջության արդյունաբերության գործարար համայնքի համաշխարհային կայքի միջազգային կապերի պատասխանատու Դանիելա Վագների հետ քննարկվել են Մեծ Բրիտանիայում Հայատանը եւ հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու, ինչպես նաեւ հայկական եւ բրիտանական մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ գործարար կապերի ձեւավորման եւ զարգացման հնարավորությունները։