«Երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի, պետք է այսօր». Իլյիչի այս կոչը, կարծես, մեր պանրագործարաններին է ուղղված: Ձմեռային պալատը գրոհելուն դեռ չի հասել, բայց վաճառքի խնդիրները, միեւնույն է, շատ են թե’ տանը, թե’ դրսում:

Ինչո՞ւ հենց այսօր: Հայաստանի պանրագործների միության տնօրեն Արմեն Գիգոյանը պարզաբանում է. եթե խոսեին մարտին, ցանկացած հարց կքաղաքականացվեր: Բայց այլեւս հապաղել չի կարելի, թե չէ կաթի մթերման նոր սեզոնը կբախվի հին պրոբլեմներին: Խնդիրը կրկին ԱԱՀ-ն է:

2016 թ. հանարապետությունում 3,6%-ով պակասել են ԱԱՀ-ի մուտքերը` 440-ից 424 միլիարդ դրամ: Սա տեսնելով` հարկային ծառայությունը խստիվ արգելեց սուպարմարկետներին առանց հարկային հաշվի ապրանք ընդունել, նույնիսկ փոքր մատակարարներից: Խոշոր պանրագործներն ըմբոստացան ու հրաժարվեցին վաճառքներից: Նախկինում Նրանք արդեն քանիցս բողոքել էին, որ հումքի ԱԱՀ-ն ստիպված են վճարել իրենց հասույթից:

Օգտվելով շուկայում իրենց դիրքից` սուպերմարկեները միշտ իրենց պահանջներն են թելադրում ապրանքի մատակարարներին: Բայց երբ տեսան, որ կարող են մնալ առանց պանրի, հիշեցին գթասրտության մասին, անգամ առաջարկեցին վճարել ԱԱՀ-ն գործարանների փոխարեն (այսինքն` հրաժարվել դեբետագրումից):

Պանրի, ինչպես եւ այլ հումքով սննդամթերքի արտադրողները տուժում են ԱԱՀ-ի արտահոսքից, որը ստիպված են ծածկել: Գյուղացիների մթերքը (այդ թվում` կաթը) ազատված է ԱԱՀ-ից: Բայց պատրաստի ապրանքից ԱԱՀ-ն գանձվում է նաեւ հումքի մասով: Եվ այն հաշվանցել արդեն հնարավոր չէ:

«Մենք հասկանում ենք, որ պետությունը հարկերի ու բյուջեի խնդիր ունի: Ստվերային շրջանառությունը պետք է հնարավորինս քիչ լինի, իսկ մրցակցությունը` հավասար: Սակայն վերը նշված պատճառով բիզնեսի հարկային բեռն անհամաչափ է դառնում: Այդ պատճառով ոլորտում բավարար կապիտալ չի կուտակվում: Չկա կապիտալ՝ չկա արտադրության խոշորացում: Չլինի խոշորացում, չենք կարող մրցակցել արտաքին շուկաներում` ո՛չ Ռուսաստանում, ո՛չ այլուր: Մենք չենք հրաժարվում հարկերից, ուղղակի առաջարկում ենք դրանք համարժեքորեն վերաբաշխել»,- ասում է Գիգոյանը:

Հա՛մ խորովածը չվառվի, հա՛մ էլ շամփուրը: Այսպիսի առաջարկ Միությունն արդեն արել է` խորհրդակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ՎԶԵԲ-ի կողմից ֆինանասավորվող Բիզնեսի աջակցման գրասենյակի (BSO) եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC): Առաջարկվող սկզբունքներից մեկն է` ԱԱՀ գանձել ոչ թե կաթից, այլ միայն վերամշակումից: Ասել է թե` պակասեցնել ԱԱՀ-ի մուտքերը: Մնում է ապացուցել, որ դրանք կփոխհատուցվեն արտադրության ու արտահանման աճով:

«Ինչպես նշեցի՝ հարցը հրատապ է, շուտով կսկսվի կաթի մթերման սեզոնը: Հուսով ենք` առաջիկայում մեր հարցը կքննարկվի կառավարությունում»,- հավելեց Գիգոյանը: