Միացյալ Նահանգներն արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի ահաբեկիչները հարձակում սկսեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսական Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անելանելի դրության մեջ է եղել՝ մամուլի հարձակումների եւ քաղաքական մրցակիցների պատճառով։

«Նրան երկար են ապացուցել, որ ինքն անհապաղ ինչ-որ բան պետք է ձեռնարկի։ Եւ նա էլ ձեռնարկեց համապատասխան քայլը՝ չմտածված, անիմաստ, եւ բացառապես անարդյունավետ։ Իսկ թե ինչպես հետո պետք է դուրս գա այդ իրադրությունից, նա այսօր չի պատկերացնում, առավել եւս, որ Դեմոկրատական կուսակցության եւ նախկին վարչակազմի ներկայացուցիչներն արդեն սկսել են քննադատել այդ քայլը», - նշել է Սատանովսկին։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Հոմս նահանգում գտնվող Սիրիայի ավիաբազային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի այդ ավիաբազային հարվածելու հրաման է տվել, քանի որ, նրա խոսքով, այնտեղից է տեղի ունեցել Իդլիբ նահանգի վրա քիմիական հարձակումը։