Սիրիային հարվածն առաջին հերթին ԱՄՆ ներքին խնդիրների արդյունք է, նախագահ Դոնալդ Թրամփի խնդիրը։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։ 

Քաղաքագետի խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը, ամերիկյան իսթեբլիշմենթը, արեւմտյան դաշնակիցները պարզապես սկսել են «սղոցել աթոռը», որի վրա նստած է Թրամփը։ «Եւ Թրամփը տեսավ, որ սկսում է կորցնել իշխանությունը։ Նրան կարող էր իմպիչմենթ սպառնալ։ Նա ամբողջությամբ «գնդակոծության ներքո էր»։ Եւ մի մեծ հարված էր անհրաժեշտ, որպեսզի բոլորին նորից կարգի հրավիրի, որպեսզի վերադարձնի Ամերիկայի նախագահի հեղինակությունը։ Եւ Սիրիային հարվածելով նա լուծեց այդ ներքին խնդիրը», -ասել է Ալեքսանդր Ռարը՝ ընդգծելով, որ Թրամփն ուղղակի հանգամանքների ու իր բնավորության գերին է։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 7- գիշերը ԱՄՆ հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Շայրաթ ավիաբազային՝ պատճառաբանելով Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակումը։ Վաշինգտոնը հարձակման պատասխանատու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։