Չինական կողմը ուշադրություն է դարձրել Սիրիայի ընթացիկ իրավիճակին ու ընդունել, որ հիմա հրատապ խնդիր է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ապահովումն ու իրավիճակի հետագա վատացումը կանխելը։ Այս մասին պատմել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, փոխանցում է Սինհուան։

Խուա Չունյինը հայտնել է, որ քիմիական զենքի մասին չինական կողմի դիրքորոշումն անփոփոխ է մնում՝ Չինաստանը դեմ է դրա կիրառմանը ցանկացած հանգամանքում։

Չինական կողմը դատապարտում է օրերս Սիրիայում տեղի ունեցած հարձակումը՝ քիմիական զենքի կիրառումով ու աջակցում ՄԱԿ կառույցների կողմից անկախ ու բազմակողմանի հետաքննության անցկացումը։

Ապրիլի 7-ի լույս գիշերը ԱՄՆ-ն հրթիռակոծել է Սիրիայում Շայրաթ ավիաբազան՝ Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման պատրվակով։ Վաշինգտոնը այդ միջադեպի համար պատասխանատու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Նշենք , որ Դամասկոսը հերքում է իր մասնակցությունը քիմիական հարձակմանը։ Դամասկոսը ԱՄՆ գործողությունները գնահատել է որպես «ագրեսիայի ակտ», նշելով, որ այդ ձեւով գործելով՝ Վաշինգտոնը դառնում է ԻՊ-ի գորրծընկերը։ ՍԱՆԱ գործակալության տվյալներով հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 6 մարդ, նաեւ հայտնում են 9 խաղաղ բնակիչների՝ այդ թվում 4 երեխայի զոհվելու մասին։