ԱՄՆ Չիկագո քաղաքում վաճառքի է դրվել մի բնակարան, որը գտնվում է Playboy-ի կալվածքում՝ այն տանը, որտեղ համանուն ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները դեռ մինչեւ Լոս ԱՆջելես տեղափոխվելը իր առաջին երեկույթներն էր կազմակերպում։ 400 քառ մետր մակերեսով բնակարանի արժեքը չորս միլիոն դոլար է, հայտնում է Mansion Global–ը։
70 սենյակներով տան մուտքի վրա փակցված է եղել ցուցանակ, որի վրա գրված էր «Եթե չեք պարում, մի զանգեք»։ 1970-ականներին Հեֆները ապրում էր մեկ Չիկագոյում, մեկ Լոս Անջելեսում, իսկ 1974-ին վերջնականապես տեղափոխվել է Քալիֆորնիա։
Հեֆների մեկնելուց հետո Playboy –ի նախկին կալվածքում ուսանողական հանրակացարան էր գործում։ Հետագայում այն վերածել են բազմաբնակարան շենքի։
Վաճառքի դրված բնակարանը զբաղեցնում է շենքի ամբողջ երրորդ հարկը։ Այն ունի չորս ննջասենյակ, չորս լոգարան, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Playboy –ի լոսանջելեսյան կալվածքը վաճառել են 100 մլն դոլարով։ Տունը գնել է Դարեն Մետրոպուլոսը՝ միլիարդատեր Դին Մետրոպուլոսի որդին։




























