Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները հարցում են իրականացրել գրադարանների այցելուների շրջանում ու պարզել, թե ինչպես են նրանք ընկալում հին գրքերի հոտը, հայտնել է Heritage Science-ը։

Հարցման մասնակիցների 100 տոկոսը նշել է, որ այդ հոտի մեջ կա փայտային երանգներ, 86 տոկոսը նկատել է ծխի հոտ, 71 տոկոսը որսացել է հողի հոտ, 41 տոկոսն էլ՝ վանիլի։ Ավելի քան 70 տոկոսը հին գրքերի հոտը հաճելի է համարում, 14 տոկոսը՝ չափավոր հաճելի, 14 տոկոսն էլ՝ չեզոք։ Հարցման որոշ մասնակիցներ համարում են, որ հին գրքերն ունեն նաեւ շոկոլադի ու սուրճի հոտ։

Հետազոտողների խոսքով գրքերի հոտը համաշխարհային մշակութային ժառանգության մի մասն է, հետեւաբար այն նույնպես պետք է ուսումնասիրել ու պահպանել։ Նրանք իրականացրել են գրքերից գոլորշացող օրգանական նյութերի քիմիական վերլուծություն ու կարծում են, որ ստացված տվյալները կարելի է օգտագործել օրինակ թանգարաններում անհրաժեշտ մթնոլորտը պահպանելու համար։