Ահաբեկչական հարձակումները, որոնք իրագործվել են Եգիպտոսի 2 քաղաքների քրիստոնեական եկեղեցիներում, ուղղված են ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների դեմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին:
«Այս ահաբեկչությունն ուղղված է մեր հայրենիքի դեմ, ե՛ւ քրիստոնյաների, ե՛ւ մուսուլմանների դեմ»,- ասել է աս-Սիսին՝ հավելելով, որ տեղի ունեցած հարձակումները «եգիպտացի ժողովրդին էլ ավելի կհամախմբեն ահաբեկչությանը դիմակայելու եւ երկրում անվտանգություն հաստատելու իր ձգտման մեջ»:
Նախագահը ցավակցել է զոհվածների ընտանիքներին՝ նշելով ծայրահեղականների առանձնահատուկ դաժանությունը, որոնք ահաբեկչություններն իրականացրել են «Ծաղկազարդի կիրակիի լուսավոր տոնի օրը, որը թանկ եւ հոգեհարազատ է բոլոր եգիպտացիներին»:
Աս-Սիսին կառավարությանը, բոլոր ուժային կառույցներին կարգադրել է «կարճ ժամկետում անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել բոլոր տուժածների բուժման համար»:
Եգիպտոսի նախագահը հայտարարել է Պաշտպանության ազգային խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին՝ քննարկելու Թանթա եւ Ալեքսանդրիա քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ստեղծված իրավիճակը:
Կիրակի Թանթա եւ Ալեքսանդրիա քաղաքներում մի քանի ժամվա տարբերությամբ ահաբեկչական հարձակումներ են իրագործվել: Երկու հարձակումների հետեւանքով առնվազն 40 մարդ է զոհվել:




























