Չնայած 2015 թվականի փետրվարին կնքված Մինսկի համաձայնագրին, որը պետք է Ուկրաինայի արեւելքում թուլացներ լարվածությունը, անցած ամիսներին հակամարտությունն առավել ուժգին է լարվել: Եվ այս ֆոնին «Գերմանիայի կանցլեր Ագելա Մերկելը վճռել է զարմանալի քայլ կատարել՝ մայիսի 2-ին նա կայցելի Ռուսաստան, նախագահ Պուտինին», նշված է Der Spiegel-ում:
Սա «Մերկելի դիրքորոշման արմատական փոփոխություն է, քանի որ մինչեւ հիմա կանցլերը հետեւում էր մի դիրքորոշման, որի համաձայն՝ Պուտինին հնարավոր էր այցելել միայն Դոնբասում կամ Սիրիայում կոնկրետ հաջողություններից հետո»: «Բայց հիմա նա գնում է, չնայած Ռուսաստանն ամենեւին չի պատրաստվում զիջումների գնալ: Սա ցույց է տալիս, թե Մերկելը իրավիճակը որքան լուրջ է գնահատում»,- նշված է հոդվածում:
Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչությունը նրա այցը Կրեմլ արդարացրել է ընթացիկ տարվա հուլիսին Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստմամբ: Նշվում է, որ հետո Մերկելն այցելելու է G20-ի մի քանի այլ երկրներ: Սակայն լրագրողների կարծիքով՝ սա միայն պատրվակ է. «Բոլորի համար ակնհայտ է, որ Մերկելը Մոսկվա չի մեկնում Պուտինի հետ խոսելու Աֆրիկային օգնություն տրամադրելու կամ համանման թեմաների շուրջ: Իրականում այցը վատագույնը կանխելու փորձ է»:
Der Spiegel-ի պարզաբանմամբ՝ «ԱՄՆ-ի ընտրություններում Թրամփի հաղթանակից 5 ամիս հետո Վաշինգտոնը դե ֆակտո Ռուսաստանի վերաբերյալ ոչ մի քաղաքականություն չունի»:
Արդյունքում՝ Մերկելը հանդես է գալիս որպես «Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ միջնորդ»,- մեկնաբանել է Der Spiegel-ը: Դաշնային կանցլերը «շատ է ցանկանում, որ ամերիկացիները վերադառնան խաղի մեջ, քանի որ եթե նրանք մի կողմ են քաշված, ոչ մի հաջողություն չի լինի: Ամերիկացիների հեռանալու պատճառով Մոսկվան զիջումների գնալու ոչ մի պատճառ չի տեսնում: Վաշինգտոնի ճնշման բացակայության պատճառով նույնն են անում նաեւ ուկրաինացիները»:




























