Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 17-ին ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄՀ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինին եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանին:
ՏԿՆ մամուլ ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող պոմպակայանների վերականգնման եւ վերազինման, երրորդ կարգի ջրանցքների, դրենաժային համակարգի վերականգնման ծրագրերի ընթացքը: Ա. Ռասինը տեղեկացրել է վերջերս ՀՄԿ-ի ինժեներական խմբի կողմից կատարված ուսումնասիրությունների մասին` հայտնելով, որ աշխատանքները շարունակվում են, եւ երկրորդ փուլից հետո ուսումնասիրությունների ամփոփ արդյունքները կքննարկվեն նաեւ կառավարության հետ:
Փոխվարչապետը վստահեցրել է, որ ծրագրերի ընթացքը շարունակելու է մնալ կառավարության հետեւողական ուշադրության կենտրոնում: նա տեղեկացրել է նաեւ, որ կառավարությունն Ազգային ժողովի հետ արդեն ձեռնամուխ է եղել Ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացմանը. առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է ՋՕԸ-ների կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատել ԱԱՀ-ից:
Ա. Ռասինը հայտնել է, որ ՀՄԿ-ի կողմից հավանության է արժանացրել ՋՕԸ-ներին օժանդակելու նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար մրցույթի անցկացման հարցը: Մրցույթն արդեն հայտարարվել է եւ կամփոփվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:





























