Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 17-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավար Ահմեդ Իհվեիդայի հետ քննարկել է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում բարեփոխումներին վերաբերող հարցեր:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Մասնավորապես, նրանք անդրադարձել են «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ ՀԲ-ի թիմի առաջարկներին: Փոխվարչապետը օգտակար է համարել թիմի առաջարկությունները:
Երկուստեք կարեւորվել է համակարգում կապիտալ ներդրումների իրականացումը, ինչպես նաեւ վարկային նոր ծրագրի նախապատրաստումը, ինչը հնարավորություն կտա ապահովել ոլորտում բարեփոխումների շարունակականությունը: Անդրադարձ է եղել նաեւ օպերատոր ընկերությունների սպասարկման տիրույթից դուրս գտնվող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, նշվել է, որ դրանով պայմաններ կստեղծվեն օպերատորների ծառայություններից օգտվող համայնքների թիվն ավելացնելու համար:





























