«Ռոսնեֆտը» դիտարկում է Financial Times թերթին դատի տալու հնարավորությունը՝ ընկերության ղեկավար Իգոր Սեչինի ու Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի միջեւ «Գրոզնեֆտեգազ»-ի պատճառով իբրեւ գոյություն ունեցող կոնֆլիկտի մասին հրապարակման համար, հայտնել է «Ռոսնեֆտ»-ի մամուլի ծառայությունը։

«Ռոսնեֆտ ընկերության ու Չեչնիայի Հանրապետության ղեկավարության փոխհարաբերությունների մասին կեղծ դատողություններ պարունակող հրապարակման կապակցությամբ, որը անհապաղ տարածել էին Խոդորկովսկու կառույցներից ֆինանսավորվող ռեսուրսները, մենք ստիպված են պարզաբանումներ անել։ Առավել եւս որ այդ հրապարակումը վերաբերում էր Իգոր Սեչինի ու Ռամզան Քադիրովի անձնական հարաբերություններին ու վիրավորում Ահմադ- Հաջի Քադիրովի լուսավոր հիշատակը, որի հետ Սեչինը մտերիմ է եղել 1999-ից սկսած։ «Չեչենական հետքի» մասին հայտարարությունները, որի ուղղությամբ են ուզում տանել պետերբուրգյան ահաբեկչության հետաքննությունը, առնվազն ազգամիջյան թշնամանքի հրահրում կարելի է որակել, այսինքն քրեորեն պատժելի գործողություն։ Զարմացնում է այդ ամենին FT-ին նման առաջատար բիզնես պարբերականի մասնակցությունը, որը դրանով սպասարկում է այսպես կոչված ընդդիմության քրեական տարրերի սադրանքները։ Հայտարարում ենք, որ մեզ կապում են բազմամյա ու բազմակողմանի հարգալից գործնական ու մարդկային հարաբերություններ։ Մենք կառուցողական ոգով ենք լուծում համատեղ աշխատանքի ընթացքում ծագող բոլոր խնդիրները։ Հրապարակվող դատողությունները կանխավ ոչ ապացուցելի ու միտումնավոր սուտ են, ինչի կապակցությամբ մենք ստիպված ենք դիտարկել տարբեր իրավասությունների դատարաններ դիմելու հնարավորությունը»,- ասվում է Իգոր Սեչինի ու Ռամզան Քադիրովի համատեղ հայտարարության մեջ։