Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը պետք է իրականացվի կազմակերպված ձեւով, դա որոշ ժամանակ կպահանջի։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։
«Մենք խոսել ենք Բաշար Ասադի ապագա դերակատարման մասին։ Լինի դա մասնակցություն պետական գործընթացին կամ էլ ոչ մասնակցություն քաղաքական գործընթացին, ակնհայտ է, որ Ասադի ռեժիմը մոտենում է ավարտին․- ասել է Ռեքս Թիլերսոնը,- Հենց իրենք են դրանում մեղավոր՝ իրենց վարքագծով ու այն պատերազմով, որը արդեն մի քանի տարի շարունակվում է երկրում»։
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ Ռուսաստանը ամենամոտ դաշնակիցն է ու կօգնի Ասադին հասկանալ այդ իրողությունը,- շեշտել է նա,-Համարում ենք կարեւոր, որ Ասադի հեռացումն իրականացվի կազմակերպված ձեւով, որպեսզի բոլոր համայնքները ներկայացված լինեն բանակցային սեղանի շուրջ՝ քաղաքական լուծում գտնելիս»։ «Թե ինչպես դա տեղի կունենա՝ կբացատրվի այն քաղաքական գործընթացով, որը կմշակվի»,- հավելել է Թիլերսոնը։ «Հասկանում ենք, որ որոշ ժամանակ կտեւի, սակայն արդյունքը չի նախատեսում Ասադի դերակատարումը Սիրիայի պետական կառավարման մեջ, հասարակայնությունը դա չի ընդունի, ու մենք էլ չենք ընդունի»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ Ռուսաստանը ՍԻրիայում հույսեր չի կապում ոչ Ասադի, ոչ մեկ ուրիշի հետ։ Լավրովի խոսքով բոլոր սիրիացիները «պետք է նստեն ու պայմանավորվեն» ։ «Դա պետք է լինի ինքլյուզիվ միջսիրիական երկխոսություն», շեշտել է նա։




























