Խորհրդարանի լիագումար նիստում սկսելով բյուջետային քննարկումները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ 2011 թ. հարկերի դրույքաչափերի բարձրացում տեղի չի ունենա։ Չնայած դրան՝ վարչապետը խոստացավ, որ հարկային եկամուտները կավելանան մոտ 100 մլրդ դրամով (մոտ 280 մլն դոլար), կապահովվի բնուջեի եկամուտների առաջանցիկ աճ՝ ՀՆԱ աճի նկատմամբ։ «Եթե 2010թ. պլանային ցուցանիշը պետական եկամուտների, սոցիալական վճարների եւ տուրքերի հաշվին մենք ծրագրել էինք, որ կկազմի 675 մլրդ դրամ, ապա 2011թ. ցուցանիշը կազմում է 773 մլրդ դրամ, այսինքն` շուրջ 100 մլրդ դրամով ավելանալու են 2011 թվականի ընթացքում մեր բյուջեի պետական եկամուտները։ Ընդ որում` անհրաժեշտ է նկատել, որ այսպիսի հավաքագրումները մենք իրականացնելու ենք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2009-2010 թվականներին մենք Հակաճգնաժամային ծրագրի իրականացման շրջանակներում նաև սահմանել ենք լրջագույն արտոնություններ, ձեզ հետ միասին»,- ասաց վարչապետը։
Խոսք է գնում, մասնավորապես, հետեւյալ արտոնությունների մասին։ Առաջին՝ խոշոր ներդրումային ծրագրերի պարագայում ավելացված արժեքի հարկի վճարումները կհետաձգվեն 3 տարով։ Այսօրվա դրությամբ կառավարության կողմից հաստատված են 30 մլրդ. դրամի (մոտ 80 մլն դոլար) այսպիսի ծրագրեր։ Երկրորդ՝ փոքր եւ միջին բիզնեսի շրջանակներում իրականացվող հարկային բարեփոխումների ընթացքում շուրջ 35 հազ. տնտեսվարող սուբյեկտներ հայտնվել են հաստատագրված վճարումների դաշտում։ Արդյունքում՝ պետական բյուջեն, ըստ կառավարության հաշվարկների, կորցնում է մոտ 24 մլրդ դրամ (մոտ 65 մլն դոլար)։
Վարչապետը խոստացավ, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2011 թ. կբարելավվի ի հաշիվ հարկային վարչարարության եւ ի հաշիվ բարեփոխումների։





























