Հույն քաղաքական գործիչներն անհանգստացած են Թուրքիայում հանրաքվեի արդյունքներով եւ թերահավատորեն են վերաբերվում «այո»-ի հաղթանակին, որը ճանապարհ է բացում նախագահ Թայիփ Էրդողանի ձեռքում լիազորությունների կենտրոնացման համար, գրում է ՌԻԱ Նովոստին:
Անկարան հաղորդում է, որ ընտրողների 51,4%-ն «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, որոնք երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական են դարձնում: Նախագահ Էրդողանն արդեն հայտարարել է հանրաքվեում իր համախոհների հաղթանակի մասին եւ այն համարել երկրի պատմության համար կարեւոր իրադարձություն: Ընդդիմությունն անհամաձայնություն է հայտնել այդ արդյունքների հետ կապված:
Հունաստանում իշխող՝ ՍԻՐԻԶԱ ծայրահեղ ձախերի կոալիցիայի անդամ, Եվրախորհրդարանի փոխխոսնակ Դիմիտրիս Պապադիմուլիսը հայտարարել է, որ հանրաքվեն վկայում է Թուրքիայում առկա «խորը տրոհումների» մասին, իսկ հաղթանակը վիճահարույց է:
«Թուրքիայի հանրաքվեի արդյունքները վկայում են հասարակությունում բեւեռվածության բարձր մակարդակի մասին: Էրդողանի մարգինալ, կասկած առաջացնող հաղթանակը բավարար չէ իրեն սուլթան հռչակելու համար», Twitter-ում գրել է Պապադիմուլիսը:
Ընդդիմադիր «Նոր դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Յորգոս Կումուցակոսը հայատարարել է, որ թուրքական քաղաքական ղեկավարության եւ ժողովրդի կողմից ողջամտության դրսեւրոման անհրաժեշտություն կա:
Նա ընդգծել է, որ Հունաստանը, անկախ Թուրքիայում սահմանադրական լուրջ փոփոխություններից, հարեւան երկրի հետ բարեկամական հարաբերությունների հույս ունի:
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Դեմոկրատական կոլաիցիայի անդամ Անդրեաս Լովերդոսն էլ հայտարարել է, որ Թուրքիայում հիմա «կեսարի ռեժիմ է, ինչը մտահոգություն է առաջացնում ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրամիությունում»:




























