Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալների հարազատներն ապրիլի 18-ից կվերսկսեն նստացույցը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը: Նա նշեց, որ գլխավոր դատախազությանն իրենք մի քանի օր ժամանակ էին տվել, սակայն, այդպես էլ չի կատարվել իրենց պահանջները եւ հենց այդ պատճառով էլ կրկին վերսկսելու են նստացույցը:

Նշենք, որ կալանավորվածների հարազատները պահանջում են փոխել առաջադրված մեղադրանքը՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասը փոխարինել 316-ի 1-ին մասով եւ ազատ արձակել իրենց հարազատներին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները: