Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ ապրիլի 17-ին, համերգ է տեղի ունեցել՝ նվիրված քաղաքական եւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 85-ամյակին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ համերգին ներկա էին քաղաքական եւ մշակույթի գործիչներ, այդ թվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կարեն Դեմիրճյանին ճանաչել է շատ վաղուց, երբ դեռ ինքը մարզպետ էր եւ հենց այդ ժամանակվանից էլ նրանց միջեւ սկսվել է ընկերությունը: Նրա մահվանից հետո էլ Հովիկ Աբրահամյանը բարեկամակական կապը պահպանել է նրա ընտանիքի հետ:

«Կարեն Դեմիրճյանի վաստակը շատ բարձր եմ գնահատում՝ որպես քաղաքական գործչի եւ ազգային հերոսի: Ժողովուրդը նրան «Շինարար Կարեն» է կոչել եւ շատ ճիշտ է: Նա շատ մեծ գործ է կատարել Հայաստանի զարգացման, նաեւ մշակույթի բնագավառում եւ վստահ կարող եմ ասել, որ նա միակ քաղաքական գործիչն է, որին կարող եմ անվանել որպես մշակույթի մարդ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանը 1999 թվականի մայիսին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ: Նա սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչության ժամանակ: Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում եւ Հայրենիքի շքանշան: