Ամերիկացիների երկու երրորդը (66%) հավանության է արժանացնում սիրիական Հոմս նահանգի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հարձակումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Harvard-Harris Poll-ի հետազոտության արդյունքները:

The Hill-ի փոխանցմամբ՝ ամերիկացիների 41%-ը Tomahawk հրթիռների օգտագործումն ուժի համարժեք կիրառում է համարում, իսկ 26%-ը կարծում է, որ հարվածը բավականաչափ ուժեղ չէր:

Միաժամանակ, հարցվածների 55%-ը դեմ է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նման գործողություններին:

Ապրիլի 7-ի գիշերն ԱՄՆ զինված ուժերը նախագահ Թրամփի հրամանով հրթիռակոծեցին Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան, որից, Վաշինգտոնի կարծիքով, դուրս են եկել օդանավերը՝ Խան Շեյխունի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար: Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ ապրիլի 4-ին Խան Շեյխունի արեւելյան ուղղությամբ հարվածներ է հասցրել սիրիական ավիաբազան: Ռուսական կողմի տվյալներով՝ արդյունքում արտադրամասեր են ոչնչացվել, որտեղ զինյալները թունավոր նյութերով զինամթերք էին արտադրում, որոնք օգտագործվել են Հալեպում, ինչպես նաեւ Իրաք ուղարկվել: