Այսօր` նոյեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության նիստում անդրադարձել է երկու շաբաթ առաջ իր կողմից տրված հանձնարարականներին, որոնք վերաբերում են առողջապահության, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարությունների գործունեությանը, կոռուպցիոն երեւույթներին եւ կադրային փոփոխություններին:

Տ. Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հանձնարարականներ էին տրված կրթության եւ գիտության նախարարին, որպեսզի նա հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների ժամանակացույց ներկայացնի 10-օրյա ժամկետում։ Մենք պարոն Աշոտյանի հետ քննարկել ենք այդ ծրագիրը։ Ես կարծում եմ, որ բավականին հաջողված ծրագիր է եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այս ծրագիրը մենք հանենք հանրային քննարկման։ Իհարկե,  կարեւոր է ոչ միայն նախարարության դիրքորոշումը, այլ նաեւ հանրության մոտեցումները, թե ինչպես կարելի է այդ ծրագիրը կատարելագործել եւ մասնակից դարձնել նաեւ բուհերին։ Ինձ շատ ոգեւորում է այն հանգամանքը, որ մենք ստացել ենք արձագանք ուսանողական խորհուրդներից, այդ թվում նաեւ գրավոր, որ նրանք պատրաստ են աջակցել մեզ այս գործընթացում։

Նաեւ մենք երեկ առողջապահության նախարար պարոն Քուշկյանի  հետ  քննարկել ենք նախարարության կողմից մշակված միջոցառումների ծրագիրը, որը նույնպես պետք է ներկայացվի հաջորդ շաբաթ հանրության դատին։ Այդ փաստաթղթերը կտեղադրվեն կառավարության եւ նախարարության կայքէջերում, եւ մենք հանրային քննարկումներ կծավալենք այդ ուղղությամբ։

Ֆինանսների նախարարն օպերատիվ անդրադարձել է բացահայտված խնդիրներին. համապատասխան կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես նաեւ կառուցվածքային լուծումներ են առաջարկվում, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսի համար հատկացված պետական միջոցներն արդյունավետ ծառայեն բուն նպատակին։ Կարծում եմ, որ 2011 թվականին այս ծրագրի իրականացման գործում պետք է ունենանք լուրջ առաջընթաց։

Ինչ վերաբերում է հանձնարարականին, որ տրված էր իմ խորհրդական Արամ Ղարիբյանին եւ գյուղատնտեսության նախարարին, ապա մենք ստացել ենք մի լուրջ առաջարկ տեսչական ստուգումների բարեփոխման վերաբերյալ, որը քննարկվել է նաեւ Եվրամիության փորձագետների հետ։ Կարծում եմ` պարոն Ղարիբյան, այդ փաստաթուղթը նույնպես պետք է դարձնել հրապարակային եւ քննարկել հանրության հետ։ Ըստ էության, հարգելի գործընկերներ, արմատական լուծումներ են առաջարկվում այս փաստաթղթերով, եւ, իհարկե, անհրաժեշտ է, ստանալով կապը հասարակության հետ, արագ տեմպերով այդ ծրագրերն իրականացնենք, քանի որ կա նաեւ այս միջոցառումների ժամանակացույց։ Ինչպես նաեւ, իհարկե, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, եւ այդ   կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Նպատակն այն է, որ մենք կարողանանք մեր կարողությունները հավաքագրել բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»:

Նշենք, որ օրերս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կրթության ոլորտը համարել է երկրում ամենակոռումպացվածներից մեկը` առողջապահության ոլորտի հետ միասին եւ պահանջել էր ազատել աշխատանքից համապատասխան պաշտոնյաներին: Դրանից հետո պաշոտններից հեռացան Առողջապահության երկու փոխնախարարները: