Համածառայակցի կողմից արձակված կրակոցից այսօր՝ ապրիլի 21-ին, մահացած պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը Վայոց ձորի մարզի Արփի գյուղից էր:

NEWS.am-ին Արփիի գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը հայտնեց, որ 31-ամյա Նարեկ Հակոբյանը ծառայության էր անցել վերջերս:

«Նարեկն ամուսնացած էր, երեխան 1 շաբաթ առաջ դարձավ մեկ տարեկան»,- ասաց գյուղապետը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է ապրիլի 21-ին ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ  N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից  ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում է նախաքննություն։