Հայաստանյան 13 ընկերություններ նոյեմբերի 10-12-ը Վրաստանում մասնակցել են ՏՏ ոլորտի տարածաշրջանային ամենամյա երրորդ համաժողովին՝ GITI 2010-ին։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որտեղ հայկական պատվիրակությունը 14 անվանակարգերից 5-ում հաղթող է ճանաչվել:
Մասնավորապես. X-Tech-ը հաղթել է «Լավագույն մուլտիմեդիոն նախագիծ» անվանակարգում՝ ներկայացնելով DIGITEC EXPO 2010 մուլտիմեդիա CD-ն, LimeTech-ը՝ «Տարվա լավագույն ինտեգրատոր» անվանակարգում՝ Պետեկամուտների կոմիտեի համար նախատեսված ինֆորմացիոն տաղավարի համար, Essential Solutions-ը՝ «Լավագույն B2B որոշում» անվանակարգում՝ գազի արտանետման նվազման նոր ծրագրի համար, Idram-ը՝ «Լավագույն համալիր բիզնես լուծում» անվանակարգում՝ ինտերնետ-վճարայաին համակարգի ներկայացման համար, EKENG-ը՝ «ՏՏ նախագծի լավագույն առաջարկ» անվանակարգում՝ eSignature and Mobile ID նախագծի համար:
«Հայաստանի ՏՏ ոլորտի մասնավոր հատվածը շահեց մասնավոր հատվածի համար նախատեսված 6 անվանակարգերից 4-ում, ինչը ցույց տվեց, թե որքան ուժեղ է մեր հայաստանյան ՏՏ-ի մասնավոր հատվածի ներուժը»,-այսօր՝ նոյեմբերի 18-ին հրավիրած ասուլիսում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու, Վրաստան մեկնած հայկական պատվիրակության համակարգող Վահան Հովսեփյանը՝ նշելով, որ վերոնշյալ մասնավոր բոլոր ընկերությունները նորաստեղծ (start-up) ընկերություններ են։
Հայկական ընկերությունների համար վրացական միջոցառումը կարեւոր էր նոր կապեր հաստատելու եւ համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։ Այս ոլորտների ընկերությունների համար հայաստանյան շուկան չափազանց նեղ է, ուստի նրանք ձգտում են հաստատվել նաեւ տարածաշրջանային շուկաներում։
Հայկական պատվիրակությանն աջակցել են «Դ-լինկ» ընկերությունը, USAID/CAPS եւ USAID/RCI ծրագրերը`մոտ 80 տոկոսով համաֆինանսավորելով մասնակիցների ծախսերը։




























