Այսօր՝ նոյեմբերի 19-ը, ապակեգործների պրոֆեսիոնալ տոնն է։ Այն նշվում է դեռեւս խորհրդային տարիներից եւ համընկնում է Միխայիլ Լոմոնոսովի ծննդյան օրվա հետ։ Դա պատահական չէ՝ հենց Լոմոնոսովն է ապակու, ճենապակու եւ գլազուրի (ջնարակ) քիմիական արտադրության ստեղծողը։

Ապակին, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից կենցաղը, առաջին անգամ ստացվել է 5 հազ. տարի առաջ՝ հին Եգիպտոսում։

Հայաստանը եւս համարվում է ապակեգործության հնագույն օջախներից մեկը։ Շենգավիթում գտնված ապակե հուլունքները թվագրվում են մ.թ.ա. 3-րդ կամ 4-րդ հազարամյակին։

Ապակու զանգվածային արտադրությունը աշխարհում սկսվել է 19-րդ դարի վերջում, շնորհիվ 2 հայտնագործությունների՝ Սիմենս-Մարտինի վառարանի եւ սոդայի գործարանային արտադրության։ Իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին մշակվեց հարթ ապակու արտադրությունը։

Ժամանակակից ապակու արտադրությունը Հայաստանում իր պատմությունը սկսում է 1989 թվականից, երբ Աբովյանում հիմնվեց «Սարանիստ» գործարանը։ Այն խմիչքների արտադրության գործարաններին ապակյա տարաների հիմնական մատակարարն է նաեւ այսօր։ 2004 թ. «Սարանիստի» հիման վրա ստեղծվեց «Արմ-Գլաս» ընկերությունը։ Երկու ընկերություններն էլ պատկանում են Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանին, որը լայն հասարակությանը հայտնի է նաեւ «Շշի Մելո» մականունով:

Բացի Մանուկյանին պատկանող գործարաններից՝ Հայաստանում կան եւս մոտ տասնյակ գործարաններ կամ արտադրամասեր, որտեղ ապակի են արտադրում կամ մշակում։ Օրինակ՝ «Պրոֆ Ալ» ընկերությունը տարբեր տեսակի մշակումների է ենթարկում բելգիական Glaverbel եւ անգլիակյան Pilkington ընկերություններից ներկրվող 6-19 մմ հաստությամբ թափանցիկ, երանգավորված, հայելային ապակիները եւ հայելիները:

Բացի այդ՝ չինական Anhui Shengshi Group ընկերությունը Ռուսաստանի Սարատովի ապակու ինստիտուտի հետ համագործակցությամբ (ինստիտուտը մշակել է ապակու արտադրության նոր հոսքագծեր) մտադիր է Գորիսում հիմնել ապակու արտադրության նոր գործարան։

Համաձայն նախնական պայմանավորվածոության՝ հայկական կողմը պետք է կառուցի գործարանը, չինական կողմը ՝տրամադրի կոմպլեքս սարքավորումներ, իսկ ռուսական կողմը՝ գործարկման եւ կառավարման մեխանիզմները։ Համատեղ աշխատանքների իրականացման արդյունքում հնարավոր կլինի 2-2,5 տարվա ընթացքում ունենալ գործող ապակու գործարան։

Սամվել Ավագյան