Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համաձայնել է սահմանված ժամկետներում կատարել «Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները», որոնք վերաբերում են գիտությանն ու բարձրագույն դպրոցների ազատությանը:

DW-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում Եվրախորհրդարանի խոշորագույն պահպանողական խմբակցությունը կազմող ԵԺԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Օրբանը պատրաստակամություն է հայտնել չեղարկել բուհերին վերաբերող բոլոր սահմանափակումները:

«Մենք չենք համաձայնի, որպեսզի սահմանափակվեն քաղաքացիների հիմնական իրավունքները եւ անտեսվի գործող օրենսդրությունը»,- հայտարարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների դեմ ոտնձգություններն «անթույլատրելի մակարդակի են հասել»: