Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության արդիական հարցերը, այդ թվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գործողությունների համակարգման հեռանկարները ՝ ահաբեկչության դեմ պայքարում՝ սիրիական ճգնաժամի համատեքստում, Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի սրումը, նրանք  նաեւ կողմ են արտահայտվել Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում անձնական հանդիպում կազմակերպելուն։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կրեմլից նշել են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն «աշխուժացնել երկու երկրների արտգործնախարարների երկխոսությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, այն կայուն ու կառավարելի դարձնելու ուղղությամբ» «Նպատակն է ստեղծել նախադրյալներ Սիրիայում կարգավորման իրական գործընթացի մեկնարկի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Մանրակրկիտ քննարկվել է Կորեական թերակղզու իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը զսպվածության ու լարվածության նվազեցման կոչ է արել»։

Պուտինն ու Թրամփը «կողմ են արտահայտվել շարունակել հեռախոսային շփումները, նաեւ անձնական հանդիպում կազմակերպել Համբուրգում հուլիսի 7-8-ը Քսանյակի խմբի գագաթնաժողովի նիստի օրերին», ասվում է հաղորդագրության մեջ։

Սպիտակ տունը նախագահների հեռախոսազրույցը որակել են «շատ լավ»։ Ամերիկյան կողմի խոսքով, առաջնորդները քննարկել են Սիրիայում ամուր խաղաղություն ապահովելու համար «դեէսկալացիայի անվտանգ գոտիների» ստեղծումը, ահաբեկչության դեմ պայքարը «ամբողջ Մերձավոր արեւելքում» ու այն, թե «ինչպես կարելի է լավագույն ձեւով լուծել Հյուսիսային Կորեայի շուրջ շատ վտանգավոր իրավիճակը»։