«Ծառուկյան» դաշինքի երկու թեկնածուներ հերքում են, որ մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, իսկ դաշինքի պատասխանատուներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։

Թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի համար ամենաշատ ձայները (4348) ապահոված Նապոլեոն Ազիզյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է. «Ազիզ ջան, ես չեմ հրաժարվել, ես ամսի 2-ի գիշերվանից՝ ընտրության օրից մինչև հիմա պառկած եմ, ոտքս ցավում ա, տանից դուրս չեմ եկել: Ես նման բան չեմ արել, չեմ էլ անելու, ես չեմ հրաժարվելու իմ մանդատից և վերջ»։

«Իհարկե, պիտի գնամ իմ մանդատը ստանամ, ես ռեյտինգային ընտրակարգով առաջին տեղն եմ գրավել, 12 հոգու մեջ ամենից շատ ձայները ես եմ տարել ու օրենքի 100-րդ  հոդվածում էլ հստակ մի տողով գրված է, որ պատգամավոր են դառնում այն թեկնածուները, որոնք տվյալ ցուցակում առավելագույն ձայներն են ներկայացնում: Ես չեմ էլ հավատում, որ նման փաստաթուղթ կարող է այնտեղ լինի,  հավատալու բան չի, էլի,  դա ոչ խաբելու, ոչ թաքցնելու բան է: Իմ հավատը չի գալիս, ծիծաղս ա գալիս, ասում եմ՝ էս ինչ են գրել»,- հավելել էր նա։

Արագածոտնի մարզում էլ դաշինքից ամենաշատ՝ 5675 քվե ստացած Խաչիկ Մանուկյանն էլ ArmTimes.am-ի հետ զրույցում էր հերքել, թե մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ «Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ»,- ասել էր նա եւ հավելել, թե վաղն անպայման պարզելու է, թե ինչ է կատարվել, որ իր անունը հայտնվել է ԿԸՀ հրապարակած ցանկում։

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ զանգերին չէր պատասխանում, իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, թե արդեն մեկ շաբաթ է՝ քաղաքում չէ եւ չի կարող ոչինչ ասել։

Նշենք, որ այսօր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ին հայտնել էր մանդատից հրաժարվածների անունները ։ ՀՀԿ-ից հրաժարական է տվել 9, ՀՅԴ-ից՝ 3, իսկ «Ծառուկյան» դաշինքից՝ 23  թեկնածու։