Շուտով արեւային վահանակները լիովին կմրցակցեն էլեկտրականության ու գազի հետ: NEWS.am –ի թղթակիցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արեւային ջրատաքացուցիչներ արտադրող ՏեխնոԷկո ընկերության ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը:
Արեւային վահանակների արժեքը փոխհատուցվում է 7 տարվա ընթացում, ընդ որում՝ դրանք ավելի էժան են դառնում: Ջրատաքացուցիչներն ավելի արագ են փոխհատուցվում՝ 5-7 տարի: Ճիշտ է, դրանք այդքան արագ չեն էժանանում, քանի որ տեխնոլագիան այնտեղ բավականին պարզ է եւ կատարելագործելու տեղ չկա: Մյուս կողմից՝ հիմա արեւային վահանակները կարող են ծառայել 20-25 տարի, իսկ ջրատաքացուցիչները՝ կրկնակի ավելի, նկատեց Մարտիրոսյանը:
Արեւային վահանակների եւ տաքացուցիչների մրցունակությունը բարձրանում է հեռավոր գյուղերում, որտեղ գազի սպառումը ցածր է (իսկ վճարունակությունը, ցավոք, ավելի ցածր):
Որոշակի սուբսիդիաների դեպքում դրանք կարող են ավելի մատչելի լինել սպառողների այդ խմբի համար, նշեց Մարտիրոսյանը:




























