Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը 2010 թվականի արդյունքներով կկազմի 4,6 տոկոս։ Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։
Նա ընդգծել է, որ դա նախատեսվածից քիչ է։ Մոտակա տարիներին բյուջեի դեֆիցիտը կկրճատվի, իսկ 2015 թվականին, նրա խոսքով, Ռուսաստանը կմոտենա զրոյական դեֆիցիտի։ Նախարարը նշել է, որ դրան նպաստում են նավթի գները, որոնք միջինում կազմում են 75-77 դոլար բարելի դիմաց։
Նախարարը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանում հարկային ծանրաբեռնվածության բարձրացումը հաջորդ տարի կկազմի 2 տոկոս։
Երկրի բյուջեի դեֆիցիտը ընթացիկ տարվա 10 ամիսներին կազմել է 2,1 տոկոս ՀՆԱ։ Եկամուտների ծավալը կազմել է 6,722 տրիլիոն ռուբլի, իսկ ծախսերը հասել են 7,505 տրիլիոնի։
2010 թվականի բյուջեի դեֆիցիտը, պաշտոնական տվյալներով, կազմում է 5,3 տոկոս։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի խոսքով, հաջորդ տարի ծախսերը 3 տոկոսով կգերազանցեն եկամուտները։




























