Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանդիպելու պատրաստակամության մասին, հայտնում է Al Arabiya-ն:

Աբասը նշել է, որ «Թրամփը շուտով կայցելի պաղեստինյան օկուպացված տարածքներ»: Սակայն նա չի հստակեցրել ԱՄՆ նախագահի այցի ժամկետը:

Պաղեստին Թրամփի հնարավոր այցի կապակցությամբ ամերիկյան վարչակազմի պաշտոնական հաստատում դեռեւս չկա: Նախկինում Սպիտակ տունը տեղեկացրել է, որ իր առաջին արտասահմանյան շրջագայության ժամանակ ԱՄՆ նախագահը կհանդիպի պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասին եւ նրա հետ կքննարկի մերձավորարեւելյան հակամարտության կարգավորումը:

Իր առաջին այցի ընթացքում, որը տեղի կունենա այս ամիս, Թրամփը մտադիր է այցելել Սաուդյան Արաբիա, Իսրայել եւ Հռոմ: