ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելը կապակցված չէ Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կապերի հետաքննության հետ, հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է BBC-ն։

Քոմին ղեկավարում էր Թրամփի նախընտրական շտաբի ու Ռուսաստանի հնարավոր կապերի մասին ՀԴԲ հետաքննությունը։

Քոմիին աշխատանքից հեռացնելու մասին հայտնի է դարձել նախօրեին։ Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Թրամփը հիմք է ընդունել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի ու նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթինի ռեկոմենդացիաները։

«ՀԴԲ-ն մեր երկրի ամենահարգված ու կարեւոր կազմակերպություններից է ու այս օրը կդառնա նոր մեկնարկ մեր իրավապահ համակարգի գլխավոր հպարտության համար»,- հայտնել է Թրամփը։ ՀԴԲ ղեկավարին Թրամփի ուղղված նամակում ասվում էր, որ նա «ի վիճակի չէ արդյունավետ ղեկավարել բյուրոն»։