Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է «Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Հանձնաժողովը ծանոթ է հայտարարությանը, ուսումնասիրում է, եթե կգտնի Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ համապատասխան գործողություններ կիրականացնի։ Եթե խախտումներ չեն լինի, բնական է, որ ոչ»,- ասել է Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ  մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Երեւանի ավագանու ընտրություններում ընտրվելուց հետո «Ելք» դաշինքը Երեւան քաղաքի բյուջեում փոփոխություններ կսահմանի եւ 15 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն կառաջարկի քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից։

Փաշինյանի հայտարարությունը բուռն քննարկումներ էր հարուցել, իսկ նրա մրցակից Զարուհի Փոստանջյանը նույնիսկ քրեական տարրեր էր տեսել այդ հայտարարության մեջ։ Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե յուրաքանչյուր քաղաքացի քրեորեն հետապնդելի արարքի մասին տեղեկանալուց հետո պետք է դիմի իրավապահ մարմիններին: «Ես հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության մեջ կլինի հետեւողական եւ կդիմի իրավապահ մարմիններին»,- ասել է Փաշինյանը: