Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում «Սիվիլնեթ»կայքի լրագրող Արփի Մախսուդյանի հայտարարության հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել։
Հայտարարության մեջ նշվում է. ««Սիվիլնեթ»կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով:
Ըստ Արփի Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքով նախատեսված որոշումը:
Նշված տեղեկությունների հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից»:
Դեպքի կապակցությամբ պարզաբանումէ տարածել նաեւ ոստիկանությունը։ «Լրագրող Արփի Մախսուդյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, թե առավոտ ծեգին ոստիկանությունից չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել․․․
Ըստ Արփի Մախսուդյանի՝ ոստիկաններն առանց համապատասխան որոշման փորձել են իրենց բնակարանում իրականացնել խուզարկություն:
Հայտնում ենք, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների կողմից հոդվածում նշված բնակարանում որեւէ քննչական գործողություն, այդ թվում՝ խուզարկություն կատարելու նպատակ չի եղել: Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու,…ինչպես նաեւ հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով /«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված/:
Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրված հիմքեր: Բնակարանում անցկացվել է միայն «օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ծառայողները բնակարան մուտք են գործել տան տիրոջ թույլտվությամբ: Հիշյալ գործողությունները կատարելու համար դատարանի որոշում չի պահանջվում:
Ոստիկանությունը հորդորում է ծառայողների ենթադրյալ անօրինականությունների վերաբերյալ նյութեր հրապարակելուց առաջ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից»,- ասվումէ ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արփի Մախսուդյանը առավոտյան Facebook-ի իր էջում գրել էր, թե ոստիկաններն ապօրինի փորձել են խուզարկել իր բնակարանը




























