Իսպանիայի պատգամավորները դիմել են կառավարությանը՝ խնդրելով Ֆրանկոյի աճյունը հանել դամբարանից ու հողին հանձնել, հայտնում է Reuters-ը։ Նրանք վկայակոչում են 2007-ին ընդունված օրենքը «բռնապետության զոհերի հիշատակը հարգելու» մասին։
Դամբարանը, որտեղ 1975-ից առայսօր պահվում է իսպանական կառավարության նախկին ղեկավար Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունը, Մադրիդից 50 կմ հեռավորության վրա է՝ «Զոհվածների հովիտ» հուշահամալիրում, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանկոյի հրամանով։ Ընդ որում շինարարությունն իրականացվել է քաղբանտարկյալներին աշխատացնելու միջոցով։
1950-ին , դեռ Ֆրանկոյի կենդանության օրոք, առանց ընտանիքների թույլատվության այստեղ են տեղափոխվել Քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհված 33 000 մարդու աճյունները։ Հանրապետականների ժառանգները պահանջում են, որ իրենց նախնիների աճյունները չլինեն Ֆրանկոյի աճյունի կողքին։




























