WikiLeaks-ը 100 հազար դոլար է առաջարկել նրան, ով կայքին  կտրամադրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու աշխատանքից հեռացված ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի խոսակցությունների ձայնագրությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ այդ հայտնել էին, որ Թրամփը ՀԴԲ-ի պաշտոնանկ տնօրենին նախազգուշացրել է, որ նա լրատվամիջոցներին չփոխանցի  իրենց խոսակցությունների բովանդակությունը։

Մայիսի 9-ին Թրամփը պաշտոնից ազատել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին։ Ըստ պաշտոնական բացատրության՝ նախագահը կորցրել էր վստահությունը Քոմիի նկատմամբ։

New York Times-ը վստահեցնում է, որ Քոմիի նկատմամբ նախագահի անբարյացկամության պատճառը եղել է Թրամփի երդմնակալությունից մեկ շաբաթ անց Սպիտակ տանը կայացած համատեղ ընթրիքը։ Ընթրիքի ժամանակ Թրամփը մի քանի անգամ խնդրել է ՀԴԲ-ի տնօրենին հավաստել իր նկատմամբ հավատարմությունը, բայց Քոմին ի պատասխան հայտնել է, որ նախագահը կարող է  ապավինել միայն իր «ազնվությանը», փոխանցում է պարբերականը՝ վկայակոչելով Քոմիին։

Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։