ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը «նվազել է մինչեւ վերջին 10 տարվա նվազագույն մակարդակ»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրին իր ամենշաբաթյա ուղերձի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում անցած ամիս ստեղծվել է 211 հազար նոր աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը նվազել է ՝ մինչեւ վերջին 10 տարվա նվազագույն մակարդակ։ Նախագահը դա բացատրել է ամերիկյան տնտեսության հանդեպ վստահության աճով, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Թրամփի խոսքով, ԱՄՆ վարչակազմը պատրաստ է հատուկ ուշադրություն հատկացնել տեխնիկական ու հատուկ կրթության խնդիրներին, որպեսզի «նոր հնարավորություններ ստեղծի» երիտասարդ ամերիկացիների համար, «հաղթահարի լճացման, նվազող աշխատավարձերի ու անհետացող աշխատատեղերի տարիները»։ Դրա համար վարչակազմն արդեն չեղարկել է որոշ նորմատիվներ, որոնք դժվարացնում էին բիզնեսի գործունեությունը։ Բացի դրանից վարչակազմը ձգտում է արտադրությունը վերադարձնել երկիր ։

«Որպես այս քաղաքականության իրավացիության վկայություն, մենք տեսնում ենք, որ բիզնեսի ներկայացուցիչների լավատեսությունն աճում է, ու աշխատատեղերի քանակն ավելանում։ Դա հոյակապ է ապագա Ամերիկայի համար»։