Գերմանիան տնտեսական ոլորտում այսօր Հայաստանի ամենակարեւոր գործընկերն է դարձել: Այս մասին նոյեմբերի 22-ին Ծաղկաձորում հրավիրված սեմինարի ընթացքում հայտարարեց  GTZ կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Մակբեթը: Նա որպես օրինակ նշեց այն փաստը, որ Հայաստանից դեպի Գերմանիա ավելի շատ ապրանք է արտահանվում, քան դեպի Ռուսաստան: Ըստ Մակբեթի՝ Գերմանիայի կառավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության սերտացմանը:

Նկատենք, որ Հայաստանի արտահանման հաշվեկշռում պղինձն ու մոլիբդենը տեսակարար մեծ կշիռ ունեն եւ այդ հանքատեսակները հիմնակaնում արտահանվում են Գերմանիա, ինչն էլ Հայաստանից Գերմանիա արտահանման մեծ ցուցանիշի ապահովման հանգամանքներից մեկն է: Գերմանական ընկերությունները, ինչպես հայտնի է, ներդրում են կատարել Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտում, մասնավորապես՝ «Զանգեզուրի» պնձամոլիբդենային կոմբինատում, Երեւանի «Մաքուր երկաթ» ֆեռոմոլիբդենի արտադրության գործարանում: Դրա հետեւանքով էլ Գերմանիայի հետ Հայաստանն ունի արտաքին առեւտրի դրական սալդո, ի տարբերություն այլ երկրների, որոնց հետ ունենք բացասական սալդո: