Երևանի քիմիական հսկա Նաիրիտ գործարանի քլորոպրեն արտադրող արտադրամասում, որն հունիսի 14-ին տեղի ունեցած վթարի արդյունքում վնասվել էր, սկսվել են վերականգնողական աշխատանքները։ Գործարանի մամլո ծառայությունը NEWS.am-ին հայտնել է, որ քլորոպրեն արտադրող արտադրամասի ապամոնտաժումը ավարտվել է։ Տեղամասի ամբողջական վերականգման համար անհրաժեշտ է մեկուկես ամիս և 200 հազար դոլար։ Նշված գումարը չի ներառում նյութերի, սարքավորումների, մարդկային ռեսուրսների ծախսերը։
Այս գործընթացների հետ կապված կազմակերպությունը հայտարարել է տեխնոլոգիական պարապուրդ, որի ընթացքում վերականգնվելու է ոչ միայն վթարված արտադրամասը, այլև կատարվելու են վերականգնողական աշխատանքներ մի շարք այլ արտադրամասերում։
Հիշեցնենք, որ քիմիական այս գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էին չորս աշխատակիցներ, ութը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։



























