Հայաստանի քաղաքական կյանքում գրանցվել է «Ելք» դաշինքի ազդեցության ուժեղացում: Մայիսի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու, 6-րդ գումարման ԱԺ նորընտիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները դաշինքի համար հաջողություն էին, թե ձախողում, Փաշինյանը պատասխանեց. «Եթե չոր փաստերն արձանագրենք, մենք Երեւանի ավագանիում խմբակցություն չենք ունեցել, հիմա ունենք: Մենք ցանկանում էինք Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել, բայց դրան հասնել չկարողացանք: Սակայն կարծում եմ, որ հիմա մենք մի գործընթաց ենք մտել, որի դեպքում քաղաքական կյանքում «Ելք» դաշինքի ազդեցությունը ուժեղացել է, եւ այս միտումը շարունակվում է»: Այսինքն՝ ընդդիմադրի խոսքով, առաջիկա տարիներին քաղաքական հիմնական թրենդը կլինի Հայաստանի քաղաքական կյանքում դաշինքի ազդեցության ուժեղացումը: «Եվ մենք հույս ունենք, որ այս ազդեցությունն այնքան կուժեղանա, որ «Ելք» դաշինքը Հայաստանում պետական իշխանությունը կնվաճի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ստացել է 240,036 քվե (71,25 տոկոս), «Ելք» դաշինքը՝ 70,731 քվե (21 տոկոս), իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 26,109 քվե (7,75 տոկոս):





























