«Ոսկե արշալույս» ուլտրաաջ կուսակցության պատգամավորը Իլիաս Կասիդիարիսը ծեծկռտուք է կազմակերպել Հունաստանի խորհրդարանում՝ տնտեսական նոր միջոցառումների մասին օրինագծի քննարկման ժամանակ, խորհրդարանի խոսնակը ամբողջ խմբակցությանը արգելել է ներկա գտնվել հանձնաժողովների նիստերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կասիդիարիսը 2012-ի ամռանը ծեծել էր կոմկուսի պատգամավոր Լիանու Կանելիին տեղի հեռուստաալիքներից մեկի եթերում, սակայն խուսափել էր քրեական հետապնդումից։ Այս անգամ նա հարձակվել է «Նոր դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր, նախկին ՆԳ նախարար ՆԻկոս Դենդիասի վրա։
Երբ լսումների ժամանակ Դենդիասն ուզում էր դուրս գալ դահլիճից, Կասիդիրիասը նրա վրա հարձակվել է նման խոսքերով «Ինչո՞ւ ես քայլում իմ առաջ, երբ ես ելույթ եմ ունենում» ու հարվածել պատգամավորին։
Նիստի նախագահն անվտանգության աշխատակիցներին է կանչել ու պահանջել Կասիդիարիսին դուրս բերել դահլիճից, իսկ խորհրդարանի խոսնակ Նիկոս Վուցիսը արգելել է «Ոսկե արշալույս» խմբակցությանը մասնակցել օրինագծի քննարկմանը։
Վուցիսի խոսքով, «Ոսկե արշալույս» կուսակցությունը հավաքական պատասխանատվություն է կրում իր պատգամավորի նման վարքագծի համար։





























