Գառնիի զբոսաշրջիկների քանակն ավելանում է, ու տեղացիները սկսել են ավելի շատ գումար աշխատել հյուրանոց- տների հաշվին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Գեղարդի զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ, Գառնիում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Վաղինակ Թադեւոսյանը։ Կենտրոնը ֆինանսավորվում է պետբյուջեից։
Նախկինում հյուրանոց- տներ բացում էին միայն բուն Գառնիում, իսկ հիմա նաեւ հարեւան գյուղերում են սկսել բացել՝ Գեղադիրում, Գողթում ու այլուր։ Համացանցի շնորհիվ զբոսաշրջիկները սկսել են ավելի տեղեկացված լինել դեպի տեղի տեսարժան վայրեր երթուղիների մասին, դրա համար Գառնիի ու Գեղարդի շրջակայքում նրանցից շատերն արդեն ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք օր են անցկացնում, ուսումնասիրելով մյուս եկեղեցիները, Քարերի սիմֆոնիան ու կազմակերպելով լեռնային արշավներ։ Դրա համար էլ նրանք գիշերելու համար նաեւ հարեւան գյուղեր են մտնում։
Նրանց համար, ովքեր Հայաստանում հյուր են ու չգիտեն ճանապարհները, կենտրոնը ունիվերսալ օգնություն է, հավելել է Թադեւոսյանը։
«Մենք նաեւ գրքույկներ ենք բաժանում այն մասին, թե ինչեր կան շրջակայքում, ինչպես կարելի է այնտեղ գնալ ոտքով կամ մեքենայով։ Կան նաեւ ինտերնետով համակարգիչներ, ամեն ինչ կարելի է նաեւ տեղում դիտել։ Վերջապես այնտեղ նստած են մեր աշխատակիցները, նրանք ամեն ինչ կպատմեն։ Եվ գրքույկները, եւ կայքը մի քանի լեզվով է ՝ հայերեն ու ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն։ Եվ աշխատակիցներն էլ այդ լեզուներին տիրապետում են»,- նկատել է Թադեւոսյանը։
«Կենտրոն հյուրերը կարող են զանգարահել օրվա ցանկացած պահի։ Զբոսաշրջությունը չէ՞ որ ժամերով չէ, այլ ամբողջ օրով։ Եվ հաճախ են զանգահարում։ Հարցնում են, օրինակ, թե ինչպես գնան այս կամ այն տեղը, կարելի է արդյոք այնտեղ վրան տեղադրել։ Նրանց բոլոր հարցերին պատասխանում ենք։ Բացի դրանից նախազգուշացնում ենք, եթե որեւէ տեղ պետք է զգույշ լինել։ Օրինակ Գառնիում օձերի մասին, կամ էլ սարերում՝ գլորվող քարերի մասին»,- հավելել է նա։
Եթե գառնեցիները եկվորներին զարմացնում են իրենց հյուրասիրությամբ, ապա եկվոր գերմանացիներն էլ զարմացրել են էքստրեմալ զբոսաշրջության նկատմամբ իրենց սիրով։
«Մեզ մոտ եկան հայր ու որդի, իսկ որդին հարցնում է «Սարերի այն կողմում Սեւա՞նն է։ Ես այնտեղ ոտքով կգնամ»։ Բայց այնտեղ ոչ ճանապարհ կա, ոչ էլ նույնիսկ արահետ, որ հասկանաս, թե ուր ես գնում։ Դե մենք էլ սկսեցինք հորը հանգստացնել՝ իբրեւ ոչինչ, այնտեղ սարերում հովիվներ կան, պետք եղած դեպքում կգտնեն տղային , ցույց կտան ճանապարհը։ Իսկ հայրը հանգիստ ասաց՝ շատ լավ է, իսկ ես հակառակ կողմից սար կբարձրանամ»,- պատմում է Թադեւոսյանը։
Հետագայում ինֆո -կենտրոնում մտադիր են նոր երթուղիներ առաջարկել դեպի շրջակա եկեղեցիներ ու լեռնային արահետներ, նաեւ Գառնիի գեոֆիզիկայի աստղադիտարանի հետ քննարկել զբոսաշրջիկների համար գիտարշավների հնարավորությունը։





























