Կատարի Պետությունում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նշելով, որ ուրախ է Կատարի Պետությունում նորակազմ, փոքրաթիվ, բայց ամրակուռ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության համար, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ ապրելով եւ արարելով Կատարում, հայկական համայնքն իր ներդրումն է բերում այդ երկրի զարգացման գործին՝ փորձելով պահպանել հայկականությունն ու հայեցի ոգին: Այս գործում, Նախագահ Սարգսյանը կարեւորել է «Մեսրոպյան» մեկօրյա վարժարանի դերակատարությունը:

Նման պայմաններում, ըստ Նախագահի, նորովի է արժեւորվում Ծոցի արաբական երկրներում հայկական համայնքների գոյությունն ու բարգավաճումը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-կատարական երկկողմ հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ, եւ տեղի հայկական համայնքի աջակցությամբ պետք է ջանքեր գործադրել նոր բովանդակություն հաղորդելու այդ հարաբերություններին:

Իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումները եւ կարգավորման գործընթացում ներկայումս առկա մտահոգությունները: «Այսօր էլ ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ գնահատելով խաղաղության արժեքը, մենք երբեք չենք երկնչի միասնական բռունցք դառնալու եւ տեր կանգնելու արցախահայության արդարացի պահանջին, ինչպես դա արել ենք քառորդ դար առաջ, ինչպես դա արեցինք անցյալ տարվա ապրիլին»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Վստահ եմ՝ բոլորդ հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ոգեւորվելով մեր յուրաքանչյուր ձեռքբերումով եւ տխրելով մեր ձախողումների համար: Եվ այսօր կարծում եմ՝ բոլորդ հպարտ եք, որ տեւական ժամանակ մեր երկրում իրականացվող բարեփոխումները տվեցին իրենց սպասված արդյունքը: Խոսքս, իհարկե, վերջին խորհրդարանական ընտրությունների մասին է, որ արժանացան բոլոր միջազգային կառույցների դրական գնահատականին: Բայց սա ամենեւին էլ վերջակետ չէ: Ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, սա մի նոր սկիզբ է, որ ավելի պարտավորեցնող է: Մենք նոր եռանդով ենք լծվելու մեր երկրում բարեփոխումների իրականացմանը՝ այս գործընթացում ապավինելով նաեւ ձեր ներուժին, ձեր իմացությանը, ձեր տաղանդին: Չէ՞ որ մեր նպատակը նույնն է՝ հզոր եւ կայուն Հայաստան ունենալը: Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ հայ ժողովրդի հարատեւման ու զարգացման կարեւորագույն երաշխիքը մեր միասնականությունն է:

Ուրեմն, եկե՛ք մեր բոլոր ջանքերը, ուժն ու եռանդը, կարողություններն ու տաղանդը ներդնենք զարգացնելու եւ հզորացնելու Հայոց պետությունը՝ ոչ միայն հայ մնալով ու գալիք սերունդներին հայ դաստիարակելով, ոչ միայն ազգանվեր ու հայանպաստ գործունեություն ծավալելով, այլեւ տնտեսական ծրագրեր նախաձեռնելով եւ իրականացնելով՝ նույնիսկ առօրեական ծրագրեր, նույնիսկ փոքրիկ ծրագրեր:

Եկե՛ք միասին հարթենք հայ ժողովրդի հավերժության ուղին»,-Կատարի հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: